Տիգրան Հայրապետյանի «Ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ազգային կերպը» հոդվածի վերլուծություն

ԵՊՀ  փիլիսոփայության և հոգեբանության

ֆակուլտետի հոգեբանության բաժնի

3-րդ կուրսի ուսանողուհի Գինյա Սումբուլյան

ginya.sumbulyan@ysu.am

Այն հոգեկան վիճակը, երբ մարդու պահանջմունքները բավարարելու կամ նպատակին հասնելու ճանապարհին առաջ են գալիս որոշակի խոչընդոտներ ու առաջացնում էներգիայի ավելցուկ և լարվածություն, անվանում են ֆրուստրացիա:

Ըստ հեղինակի՝ «իրականությունաստեղծումը», որ կատարվում է իշխանությունների և քաղաքական գործիչների կողմից, հանդես է գալիս որպես ֆրուստրացիան հաղթահարելու միջոց: Իսկ ինչի՞ց է առաջանում նրանց մոտ ֆրուստրացիան…

Այսպես. «իրականությունաստեղծումը» ինքնին կեղծիք է և սուտ, որի արմատները, ինչպես նշում է հեղինակը՝ «իրերն իրենց անունով չկոչելու ավանդույթի» արմատները շատ խորն են և ունեն երկուսուկես միլիոն տարվա հնություն: Այդ ժամանակներում իրականությունն ընկալվում էր որպես տաբուների և խոչընդոտների մի ամբողջություն, այսինքն՝ մարդիկ անընդհատ ֆրուստրացվում էին: Եվ ինչպես անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգին հղում կատարելով նշում  է հեղինակը՝ մարդը այդ իրականությունից փախչելու համար ստեղծում է կամայական, երևակայական իրականություն: Բայց մի բան է երևակայել, ստեղծագործել և մարդկության առաջընթացին նպաստելը, մեկ այլ բան՝ երևակայական աշխարհ և իրականություն ստեղծելը: Վերջինը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Հնարավոր չէ հստակ որոշել այն ժամանակահատվածը, երբ ձևավորվել է, կամ մատնանշել այն մարդուն, ով ձևավորել է ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» հետաքրքիր ավանդույթը: Այս առումով, ըստ հեղինակի, մեկ բան հստակ է. եղել է պատվեր, որին հաջորդել է առաջարկը՝ երևակայորեն ստեղծված իրականությունը: Ո՞վ է պատվիրատուն և ո՞վ այդ ծառայությունն առաջարկողը: Ըստ հեղինակի՝ այս առևտուրն իրականանում է «մտածողների» և իշխանավորների միջև: Նրանք կազմում են որոշակի փակ շղթա, մեկը պահանջում է, մյուսը «կատարում», իսկ այս գործարքի ֆինանսական կողմը ապահովում է հայ ժողովուրդը իր որդիների կյանքի և հայրենի տարածքների կորստի ձևով: Ահա ֆրուստրացիայի ողբերգական հետևանքները:

Բայց հարց է առաջանում. ինչու՞ իշխանությունը չստի ու  չխաբի,  կեղծ իրականություն չստեղծի, եթե ոչ ոք դրա դեմ չի պայքարում, չի դատապարտում, ընդունում է դա, խրախուսում,  գնահատում: Դա է հենց ճիշտը նրանց ընկալմամբ և այդ «ճշմարտության խութերի մեջ են նրանք փրկություն փնտրում», ինչը խստագույնս կդատապարտվեր, եթե մենք ապրելիս լինեինք միջնադարում:

Ըստ իս՝ ժողովրդի կողմից ընդունվում է այդ իրականությունը, որովհետև դա պատասխանն է անորոշությանը, դա է ստեղծում որոշակիություն և հեռացնում տագնապային վտանգի զգացումը, քանի որ չկա ստեղծված ողբալի իրականության ավելի համապատասխան բացատրություն:

Հեղինակը նշում է, որ այս ամենը շարունակվում է շուրջ երկու հազար տարի առանց որևէ նշանակալի կամ զգալի փոփոխության, որակական փոփոխության, որովհետև արդեն հնարավոր չէ ազգը միավորել ոչ մի համընդհանուր շահի կամ արժեքի շուրջ՝ ո՛չ լեզու, ո՛չ կրոն, ո՛չ պատմություն և ո՛չ էլ անգամ ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» գաղափար:

Արդյունքը դարձյալ ողբերգական է. արտագաղթ: Հեղինակը սույն հոդվածը գրել է դեռևս 1998 թվականի հուլիս ամսին, բայց տվյալ հարցը շարունակում է մնալ արդիական նաև մեր օրերում: Ինչպես նշվեց՝  կեղծ իրականությունը ստեղծվում է, որովհետև մարդիկ ընդունում են դա, չեն պայքարում դրա դեմ: Մի մասի համար պայքարի բացակայությունը անորոշ իրականությունը որոշակիացնելու  հետևանք է, իսկ մեկ այլ մաս ուղղակի թողնում և հեռանում է երկրից: Երկրորդները թերևս այդ կերպ են արտհայտում իրենց բողոքը ստեղծված գետոյի դեմ: Նրանք չեն կարող ստիպողաբար ընդունել ուրիշների ստեղծած իրականությունը և միաժամանակ լինել հայրենասեր, ուստի հեռանում են:

Եվ մինչ մեր երկիրը դատարկվում է, բարձր ամբիոններից խոսում են սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին: Խոսում են «ազգային միասնության» գաղափարի մասին, որը,  ըստ հեղինակի, վատ և անճաշակ կատակի է նման, քանի որ միայն այդ գաղափարը արծարծող իշխանավորներին է հասանելի և հասկանալի: Առարկայական իրականությունում այն գոյություն չունի:

Այս վատ կատակն ու ուտոպիստական իրականությունը քայքայում և վնասում են հասրակության հիմնային և ամենակարևոր բջիջը՝ ընտանիքը: Դա տեղի է ունենում թաքնված գործազրկությամբ, սովահարությամբ, ծնելիության մակարդակի ցածր ցուցանիշներով, ծնող-երեխա հարաբերությունների վատթարացմամբ բարոյա-հոգեբանական մակարդակում՝ դաստիարակության խնդիրներ, պահանջմունքների չբավարարում և այլն: Նման վիճակի բացասական ընկալումից խուսափելու համար այն համեմատում են 1992-94 թվականների սոցիալ-տնտեսական վիճակի հետ, որպեսզի ցույց տան ներկայի առավելությունը անցյալի նկատմամբ: Եվ այս ամենը կատարվում է հետխորհրդային և նորաթուխ կուսակցությունների գաղափարների բախման կիզակետում, որտեղ չկա և չի կարող լինել հենց իրենց իսկ քարոզած «ազգային միասնությունը»:

Տ. Հայրապետյանը հաստատապես պնդում  է, որ հայ քաղաքական-հասարակական վերնախավի ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ռազմավարությունը ժառանգական բնույթ է կրում: Դա, ըստ Վ. Ֆրանկլի, հոգեկան լուրջ խանգարվածության ցուցանիշ է, նամանավանդ երբ կրում է զանգվածային բնույթ: Եվ մի օր այդ նույն զանգվածը «կգահավիժի սեփական ինքնախաբեությունից առաջացած անդունդը», որն առաջացել է առարկայական իրականության և երևակայորեն ստեղծված իրականության միջև, քանի որ դրանք միմյանց հետ կապ չունեն:

Եվ այն պարագայում, երբ ողջ Եվրասիան գտնվում է «համաշխարհային վերաբաժանումների» անխուսափելի վտանգի առաջ, ազգը անվտանգ պահելու և այդ հորձանուտից անվնաս դուրս բերելու համար Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որը ոչ միայն չի փախչի առարկայական իրականության աչքերին նայելուց, այլև հաշվի կառնի այդ իրականության բոլոր կողմերը, որպեսզի կարողանա գոյատևել և առաջ շարժվել, ոչ թե տեղում դոփել՝ երևակայական աշխարհը գովերգելով:

Այսպիսով՝ գալով այն հարցադրմանը, թե ինչն է ֆրուստրացնում և ստիպում իշխանություններին դիմել այդ ֆրուստրացիան հաղթահարելու «իրականությունաստեղծման» ռազմավարությանը, կարող եմ հստակորեն ասել. հասարակական-քաղաքական վերնախավի ոչ կոմպետենտությունը լուծելու սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնախնդիրը, որը նրանք հանձն են առել ոչ իրենց կամքով: Եկել են իշխանության ոչ թե այդ խնդիրները լուծելու, այլ անձնական նպատակներով: Իրենցից ժողովուրդը պահանջում է մի շարք խնդիրների հստակ լուծում, իսկ իրենք ուզում են հասնել իրենց նպատակին: Ուստիև պատրաստ չեն իրենց ողջ ներուժը գործադրելու պետության խնդիրները լուծելու հարցում:

 

Աղբյուրներ

   Հայրապետյան Տ., Անապատի հազար տարի, 2001թ., էջ 257-260:

Оставьте комментарий